Գյուղի ակտիվ կանայք ասում են ոչ քիմիկատներին

Ձմեռն անցավ, եկավ գարուն:  Հրազդանի  շրջանի  Սոլակ  համայնքի  մի  խումբ  կանայք,  որոնք  ընդգրկված  են <<Ասենք ոչ քիմիկատներին մեր շրջապատում>> ծրագրի շրջանակներում ստեղծված Սոլակ համայնքի կայուն երկրագործության աջակցության կենտրոնի կազմում,  սրտի  թրթիռով  սպասում  են  գարնանամուտին:  Քանի  որ  2012թ.-ին,  տեղեկացված  լինելով  բուսական  թուրմերի  և  կենսահումուսի  օգտակարության  և  մատչելիության  մասին,  հրաժարվեցին  թունաքիմիկատներից  և  ազոտական  պարարտանյութերից,  փոխարենը`  փորձեր  դրվեցին  բուսական  թուրմերով  սրսկման  և կենսահումուսով  պարարտացման  վրա:  Իսկ  աշնանը  նկատվեց  բացարձակ  տեսանելի  արդյունք: 
Այն  կանայք, ովքեր  իրենց  տնամերձերում  պատրաստեցին  բիոհումուսի  կույտեր,  օգոստոս  ամսից  այգու  պտուղ-բանջարեղենները սկսեցին  պարարտացնել  իրենց  իսկ  ձեռքով  պատրաստած    բիոհումուսով:  Երկրորդ-երրորդ  պարարտացումից  հետո  ստացան  աննկարագրելի  արդյունք,  բույսերը  փարթամ  էին,   առողջ,  շատ  համեղ   և  ստացան  առատ  բերք: 
Իսկ  այս  տարի, 2013թ.-ի  գարնանը պատրաստվում  են  նախօրոք  կենսահումուսով  պարարտացնել  կարտոֆիլի  համար  նախատեսված  հողակտորը,  հետո նոր  սկսել  ցանքը:   Ամեն  տնտեսություն  իր  համար  կուտակել է  նաև  այրված  փայտի  մոխիր,  որը  փխրեցնելու  ժամանակ  կխառնեն  հողին,  որպեսզի  զերծ  մնան  լարաթրթուրի  տված  վնասներից,  քանի  որ  անցած  աշնանը  այս  վնասատուն  բավականին  ակտիվ  էր  գործում:  Գեղանի  տիկնայք  և  բազմաշնորհ  հայուհիները  պատրաստել  են  և  պատրաստվում  են   նորանոր  տեխնոլոգիաներով  չրեր  պատրաստել  արևային  չորանոցներով`  իրենց  իսկ  ձեռքով  աճեցրած  էկոլոգիապես  մաքուր  պտուղ-բանջարեղեններից: 
Սոլակ  համայնքի  բնակիչները  շատ ոգևորված են   <<Հայ  կանայք  հանուն  առողջության  և  առողջ  շրջակա  միջավայրի>>  ՀԿ-ի  և ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի հետ համագործակցության հնարավորությունից, որոնց շնորհիվ և աջակցությամբ  մենք  այսօր  կարողանում  ենք  մեր  տնամերձերում  կիրառել  կայուն  գյուղատնտեսության  որոշ  մեթոդներ,  արդյունքում  ստանալով  էկոլոգիապես  մաքուր  և  համեղ  պտուղ-բանջարեղեն,  որը  շատ  կարևոր  է  ցանկացած  հայ  կնոջ  համար,  որպեսզի  իր  ընտանիքի  սննդակարգում  մեծ  տեղ  գրավեն  մաքուր  և  անարատ  սննդամթերքները: 
Մեծ  ուրախությամբ  պետք  է  նշեմ,  որ  Սոլակ  համայնքի  ազգաբնակչության  մեծամասնության  մոտ  հետաքրքրասիրության  մեծ գործոն  է  արթնացել,  սերը  դեպի  օրգանիկ  գյուղատնտեսությունը:  Ամենքը   յուրովի  աշխատում  են  ընդլայնել  այդ  օղակը:  էլ  չենք  խոսում նորակառույց  <<արևային  չորանոցների>> մասին,  որոնք  գյուղում  գնալով  սնկի  պես  աճում  են`  շնորհիվ  բազմաչարչար  և  աշխատասեր  հյուսների: 

100_1780 100_2811 100_2816