Մամլո հաղորդագրություն

11 դեկտեմբերի 2012թ. ք. Երևան

logos_conf2012

Երեխաների համար նախատեսված արտադրանքների նկատմամբ վերահսկողությունն ուղղակիորեն կապված է երեխայի առողջության հետ: Մի շարք երկրներում, երեխաների և դեռահասների շրջանում նկատվում է հիվանդացության աճի կայուն միտում, որի պատճառներից մեկը արդյունաբերության, այդ թվում` երեխաների համար նախատեսված ապրանքատեսակներ արտադրող արդյունաբերության ճյուղերի  քիմիացումն է:  

2012թ.-ին Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների Կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ – ներ) ոչնչացման հարցերով միջազգային ցանցի (IPEN) 6 անդամ կազմակերպություն իրականացրել են երեխաների համար նախատեսված արտադրանքներում ծանր մետաղների պարունակության նկատմամբ հետազոտություններ: Հետազոտվել է թվով 568 մանկական ապրանքատեսակ, որոնք պատահականության սկզբունքով ձեռք են բերվել տարբեր շուկաներից և խանութներից` Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում: Համապատասխան ստուգումները կատարվել են դյուրակիր ռենտգենաֆլուորեսցենտային անալիզատորի (վերլուծիչի) օգնությամբ: Հիմնականում ուշադրություն է դարձվել մկնդեղի, ծարիրի (сурьма), կապարի և սնդիկի պարունակությունների վրա, չնայած որոշվել է նաև այլ թունավոր մետաղների, օրինակ, կադմիումի և քրոմի խտությունները: 

Հայաստանում <<Թույներից ազատ խաղալիքներ>> ծրագրի շրջանակներում նմուշառված 68 խաղալիքի մոտ 20 %-ը պարունակում է առնվազն 1 ծանր մետաղ, որի խտությունը գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը: Ամենից հաճախ հանդիպող խնդիրներից է խաղալիքներում կապարի բարձր պարունակությունը: Հողում, որի վրա քայլում են երեխաները, կապարի թույլատրելի խտությունը 32 ppm (մգ/կգ) է, իսկ ստուգված մանկական խաղալիքներում, որոնք երեխաները հաճախ կարող են դնել բերանը, այն տատանվում էր 32 մգ/կգ – 12 140 մգ/կգ սահմաններում, այսինքն, մոտ 350 անգամ գերազանցում էր թույլատրելի խտությունը: Տոքսիկ մետաղներ պարունակող խաղալիքների մեծ մասն արտադրված է Չինաստանում: Այնուամենայնիվ, վտանգավոր խաղալիքներից երկուսը հայկական արտադրության խաղալիքներ են:

Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ռուսաստանում ձեռք բերված խաղալիքների հետազոտությամբ պարզվեց, որ վտանգավոր խաղալիքները համապատասխանաբար կազմում են` 22%, 23%, 27%, և 20%:

Երեխաների համար նախատեսված ապրանքներում ծանր մետաղների պարունակության հետազոտման այս եղանակն Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում, լայն հանրության համար առաջին մատչելի հետազոտությունն է:
Հետազոտությունների արդյունքները մտահոգիչ են` կապված այն բանի հետ, որ երեխաներն, ամեն ինչ բերանը տանելու ցանկությամբ պայմանավորված, ենթարկվում են ծանր մետաղների լրացուցիչ ազդեցության:

Մանկական  արտադրանքներում տոքսիկ մետաղների բացասական ազդեցություններից խուսափելու համար, անհրաժեշտ է առաջին հերթին բարելավել ազգային քաղաքականությունը երեխաների համար նախատեսված արտադրանքների քիմիական անվտանգության կարգավորման ոլորտում:     Ստուգման արդյունքները ցույց են տալիս, որ ծանր մետաղների պարունակության մակարդակը մանուկների համար նախատեսված ոչ բոլոր ապրանքներում են բարձր կամ բացակայում են, որը վկայում է այն մասին, որ արտադրող ընկերությունները հնարավորություն ունեն թողարկել տոքսիկ մետաղներ չպարունակող ապրանքներ: Ձեռնարկություններին և արտադրողներին կոչ է արվում մանկական ապրանքների արտադրության ժամանակ հրաժարվել թունավոր նյութերի, ներառյալ` ծանր մետաղների օգտագործումից, ինչպես նաև` ավելի խստացնել այդօրինակ արտադրանքներում տոքսիկ նյութերի և ծանր մետաղների պարունակության մասին ազգային օրենսդրությունը և սահմանել առավել խիստ չափորոշիչներ:

2001թ.-ին Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Տաջիկստանը, Ռուսաստանը և Ուկրաինան ընդունել են ISO 8124-3-2001 միջկառավարական չափորոշիչը, որը վերաբերում է խաղալիքների, մանկական արտադրանքների անվտանգությանն ու փորձարկման մեթոդներին ներկայացվող ընդհանուր պահանջներին և արտադրանքներում թունավոր նյութերի պարունակությանը:

Եվրամիության 2009թ. հունիսի 18-ի 2009/48/EC դիրեկտիվում (ուժի մեջ է մտել 2011թ.-ին) սահմանային թույլատրելի խտությունները զգալիորեն ցածր են, ինչը  կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ արգելված և/կամ շուկայից ետ կանչված Եվրամիության ապրանքները հայտնվեն այն երկրներում կամ տարածաշրջաններում, որտեղ գործում են պակաս խիստ չափորոշիչներ: