Միջազգային սեմինար՝ նվիրված այլընտրանքային էներգետիկայի ոլորտի հարցերին

(Մամլո հաղորդագրություն)

Երևան, 10 սեպտեմբերի 2018թ. Արևային էներգիան տնտեսության ոլորտի զարգացման կարևորագույն ուղղությունն է: Մինչ օրս էներգետիկ ոլորտում գործարարության համար այն համարվում է շատ գրավիչ, որտեղ կարճ ժամանակում ներդրումներն արդարացվում են:

Փորձագետների գնահատականներով, առաջիկա մի քանի տարիներին Հայաստանը կարող է արևային էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային առաջատար դառնալ, չնայած դեռ ոչ վաղ անցյալում Հայաստանը նույնիսկ չէր համարվում այդ ոլորտում բիզնեսի զարգացման հնարավորությունների երկիր:

Արագ ծախսածածկումը և ցածր ռիսկերը հիշյալ ոլորտը ներդրումների համար չափազանց գրավիչ են դարձնում, իսկ արևային ռեսուրսի ավելցուկը մեծացնում է այդ տեխնոլոգիաների մատչելիությունը: Եթե մինչև վերջերս Հայաստանում արևային էներգիայով զբաղվում էին հատուկենտ ընկերություններ, ապա այսօր դրանց թիվը հասնում է տասնյակների:

Վերականգնվող էներգիայի օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության հարցերին էր նվիրված «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի նախաձեռնությամբ սույն թվականի սեպտեմբերի 10-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի ունեցած միջազգային սեմինարը:

Միջոցառումը կազմակերպվել էր «Արևային էներգիան` ի նպաստ ածխածնի ցածր արտանետումներով կայուն կենսակերպի` Հայաստանի Սոլակ, Այգավան և Մալիշկա համայնքներում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի կողմից ստեղծված 10-ամյա շրջանակային ծրագրի Թրասթ Ֆոնդի միջոցով: Ծրագիրն ընտրվել է 10-ամյա շրջանակային ծրագրի Թրասթ Ֆոնդի կողմից «Կայուն կենսակերպի և արտադրության ծրագրի» համար հայտարարված բաց մրցույթի միջոցով` Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Սեմինարին մասնակցում էին փորձագետներ Ճապոնիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Չիլիից, ինչպես նաև ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության, գործարար հանրության թիրախային համայնքների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանն իր ելույթում նշեց, որ որոշ երկրներ ամբողջությամբ անցնում են այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արևի, քամու, ջրի, մոլորակի ընդերքի և կենսագազի օգտագործման: Որոշ տարածաշրջաններում «կանաչ» էներգիայի արտադրության ծավալները գերազանցում են ավանդական էներգիայի արտադրության քանակները:

Հայաստանն ունի տարեկան շուրջ 300 արևոտ օր և պետք է իր տեղն ունենա այն երկրների շարքում, որոնք առաջնահերթությունը տալիս են «կանաչ» էներգիայի օգտագործմանը:

Գլոբալ բնապահպանական ռազմավարությունների ինստիտուտի (IGES) գիտական ղեկավար Ացուշի Վատաբեն հայտնեց իր գոհունակությունը ծրագրի իրականացման կապակցությամբ: Նա նշեց, որ այլընտրանքային արևային էներգիայի վերաբերյալ ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի իրականացրած ծրագիրը կայուն ապրելակերպի խթանման հիանալի մոդել է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի մյուս երկրների համար: Սեմինարը հնարավորություն է ընձեռում վերանայել այն, ինչ ձեռք է բերվել և յուրացվել, ինչպես նաև բացահայտել առաջ գնալու հնարավորությունները:

Արտերկրից ժամանած փորձագետները սեմինարի ընթացքում ներկայացրեցին այլընտրանքային էներգետիկայի ոլորտում իրենց երկրների փորձը:

Այսպես, օրինակ, Չիլիի համալսարանի Էներգիայի կենտրոնի տնօրենի տեղակալ Մարսելո Մատուսը ներկայացրեց կայուն արտադրական մոդելի խթանման նպատակով երկրաջերմային էներգիայի օգտագործման փորձը Չիլիի գյուղական բնակավայրերում:

Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի հանածո վառելիքների ֆիզիկական քիմիայի բաժնի ավագ գիտաշխատող Ռոստիսլավ Մյուսիյն իր ելույթում հույս հայտնեց, որ «կանաչ» էներգիայի բնագավառում հայաստանյան կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունն, ընդհանուր առմամբ, կնպաստի մեր մոլորակի բնության և կլիմայի պահպանմանը:

Բելառուս փորձագետ Դմիտրի Բուրոնկինն իր ելույթում նշեց, որ Բելառուսում գոյություն ունի հասարակական կազմակերպության և Բրասլավի շրջանի տեղական իշխանությունների միջև փոխգործակցության հրաշալի փորձ՝ տարածաշրջանի համար կլիմայական չեզոքության հասնելու ռազմավարությունների նախապատրաստման գործում: Ծրագրի շնորհիվ, Բրասլավը կարողացավ ավելացնել տեղական վառելիքի (մանրատաշեղների) օգտագործումը, ինչպես նաև վերականգնվող էներգիայի տեսակարար կշիռն ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում և այդկերպ տարածաշրջանը մոտեցնել կլիմայական չեզոքության:

Սեմինարի ընթացքում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ փորձագետ Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց ծրագրի շրջանակում իրականացված գործողությունների արդյունքում քաղած դասերը, ինչպես նաև CO2-ի արտանետումների կրճատումը: Նա ընդգծեց, որ ծրագիրը նպաստել է կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, սոցիալական, տնտեսական և մշակութային ասպեկտների բարելավմանը: Սեմինարի ավարտին ներկայացվեցին խմբային աշխատանքների արդյունքները և մշակվեցին համապատասխան առաջարկություններ: