Uncategorized

Ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիությունը խոցելի և մեկուսացված խմբերի համար

Մամուլի հաղորդագրություն

Երևան, 30 հունվարի 2020թ.: Յուրաքանչյուր ոք ունի ջրամատակարարման և ջրահեռացման հասանելիության իրավունք և յուրաքանչյուր ոք պարտավոր է վճարել մատուցված ծառայությունների դիմաց: Պետությունը պետք է սահմանի այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կընձեռեն սոցիալապես անապահով բնակչությանն օգտվել այդ ծառայություններից, իսկ բնակչության կողմից` ապահովել այդ ծառայությունների դիմաց վճարումը:
Այս և ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի մի շարք այլ խնդիրներին էր նվիրված սույն թվականի հունվարի 30–ին, «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցի «Երևան» սրահում տեղի ունեցած հանդիպումը, որը կազմակերպվել էր «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ի նախաձեռնությամբ`ՄԱԿ–ի ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Կանանց հնարավորությունների ընձեռում` Հայաստանում ջրային պաշարների կայուն կառավարման գործընթացին մասնակցության համար» ծրագրի շրջանակում։
Հանդիպմանը մասնակցում էին պետական գերատեսչությունների, ՀԿ–ների և ծրագրում ընդգրկված համայնքների ներկայացուցիչներ։
Ելույթների ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրապետությունում գործող սակագնային քաղաքականությանը, խմելու ջրի, ջրահեռացման և ոռոգման ջրի սակագների ձևավորման գործընթացին, խոցելի խմբերին տրամադրվող սոցիալական աջակցությանը և այլ հարցերին։
Սակագնային քաղաքականության մասին խոսելիս, մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց այն հանգամանքին, որ միասնական սակագինը կիրառվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի սպասարկման տարածքում ընդգրկված բնակավայրերի բոլոր սպառողների, ներառյալ խոցելի և մեկուսացված խմբերի համար: Մինչդեռ, հիշյալ ընկերության սպասարկման տարածքից դուրս գտնվող բնակավայրերի մասով չկա լիարժեք տեղեկատվություն ջրի սակագնի վերաբերյալ, քանի որ այս բնակավայրերում ընդհանուր խնդիր է նույնիսկ ջրամատակարարման և ջրահեռացման հասանելիության ապահովումը: Բացի այդ, ներկա դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն խոցելի և մեկուսացված խմբերը:
Խոսվեց նաև այն մասին, որ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես ՀՀ ջրային օրենսգրքում, որտեղ նախաձեռնվում է նաև ներառել խոցելի և մեկուսացված խմբերի սահմանումը և այդ խմբերի համար խմելու ջրամատակարարման հավասար հասանելիության ապահովումը:
Հանդիպման ավարտին, մասնակիցները ներկայացրեցին մի շարք առաջարկություններ` խոցելի խմբերի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման իրավունքների իրացումն ապահովելու համար։