2016 – Տեղական կարմիր մանրահատիկ ոսպարտադրություն Սոլակում
Սկսել ենք նվազագույնով, հասնելու ենք առավելագույնի

Ես` Ռաիսա Խաչատրյանս, համակարգում եմ Սոլակ համայնքի կանանց ռեսուրսային կենտրոնի աշխատանքները, որը ստեղծվել է <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ-ի կողմից 2011թ-ին:  Կազմակերպությունը զգալի ներդրում է ունեցել համայնքի գյուղատնտեսության կայուն զարգացման և էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների աճեցման գործում:  Հպարտությամբ կարող եմ նշել, որ համատեղ արդյունավետ աշխատանքների  շնորհիվ հասել ենք նշանակալի հաջողությունների:

2016թ-ին ՀԿ-ի կողմից ստացա առաջարկ` Սոլակում սկսել և հետագայում ընդլայնել տեղական մանրահատիկ կարմիր ոսպի արտադրությունը, որի իրականացումը հնարավոր դարձավ հարգարժան տիկին Անահիտ Շիրինյան-Օրլանդոյի հովանավորության շնորհիվ: Իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել և՛ տիկին Շիրինյան-Օրլանդոյին, և՛ տիկին Մանվելյանին և կազմակերպության անձնակազմին` նմանատիպ արդյունավետ և շարունակական ծրագրերի իրականացման համար:

Ձեռք բերելով 100 կգ ոսպի սերմ, 1 հեկտար հողակտորը նախապատրաստվեց ցանքի: Հերթականությամբ կատարվեց վար, փխրեցում, հողի պարարտացում, ցանք և հարթեցում: Ցանքը կատարվեց մայիսի 5-ին, վեգետացիան տևեց 3 ամիս, իսկ բերքահավաքը կատարվեց օգոստոսի 10-ին: Ի դեպ, հողը պարարտացվել է  Հայաստանում օրգանական պարարտանյութեր արտադրող <<ՕՌՎԱԿՕ>> ՓԲԸ հայ-նորվեգական համատեղ արտադրության <<Օրգանոմիքս>> տեսակի օրգանական պարարտանյութով, որի արդյունքում ստացել եմ բավականին որակյալ բերք, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Էրիկին և Լուսինեին:  Մեկ հեկտարից ստացել եմ 700 կգ 1-ին կարգի որակյալ ոսպ, որը կվաճառվի և՛ որպես սննդամթերք, և՛ որպես սերմացու:  700 կգ-ից  300 կգ-ն ամբարել եմ` հաջորդ տարվա ցանքատարածություններս ընդլայնելու համար: 100 կգ-ը տրամադրելու եմ որևէ համագյուղացու, որպեսզի ինքն էլ ցանի և եկամուտ ստանա, այնուհետև նա 100 կգ կտրամադրի մեկ ուրիշին` հաջորդ տարվա ցանքի համար: Եվ այսպես, Սոլակում նոր թափ կստանա ոսպի տեղական արտադրությունը, որը եղել է մեր պապերի մասնագիտությունը և ապրուստի միակ միջոցը: Սոլակ համայնքը տարածաշրջանում միշտ աչքի է ընկել իր բազմատեսակ հատիկընդեղենի  արտադրությամբ, որոնք իրենց համային ու որակյալ հատկանիշների շնորհիվ շուկայում միշտ մեծ պահանջարկ են վայելել:  Համայնքն ունի 1000 հեկտար վարելահող: Այսօր ոսպարտադրության ծավալները մեծացնելու ալիքը կարծես թե նոր թափ է ստացել համայնքում: Լավ կլիներ ունենայինք առավել մեծ հզորության կոմբայն, որի միջոցով կկարողանայինք ընդլայնել ոսպարտադրությունը և, իրացման խնդիրները լուծելի դառնալուն պես, վարելահողերի կեսից ավելին` 500-600 հեկտարը, կտրամադրեինք ոսպի աճեցմանը:

Շնորհակալ ենք ձեզ` բարի մարդիկ, Աստված ձեզ պահապան:

5 4 3 2 untitled-1 4

Ռաիսա Խաչատրյան

Կանանց ռեսուրսային կենտրոնի համակարգող