awhhe_n  WWF-Logo norwmin 

2010թ-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է կենսաբազմազանության միջազգային տարի: Մայիսի 22-ն այդ առումով յուրահատուկ օր է, քանզի այդ օրն ամբողջ աշխարհում տոնում են կենսաբազմազանության միջազգային օրը, որն ընձեռում է աննախադեպ հնարավորություն` հասարակության ուշադրությունն այդ հարցի շուրջ բևեռելու համար: Օրն ու տարին տոնական էին նաև մեզ` հայերիս համար:
<<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> հասարակական կազմակերպությունը Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության և Շվեյցարիայի Բնության համաշխարհային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, հաջողությամբ իրականացրեց <<Փրկենք ընձառյուծին Հայաստանում>> ծրագիրը:
Ծրագիրն ավարտվեց Հայաստանում բնակվող ամենահազվադեպ հանդիպող կաթնասուն կենդանիներից մեկի`ընձառյուծի, փրկությանը նվիրված գեղեցիկ միջոցառման իրականացմամբ, որը տեղի ունեցավ 2010 թ.-ի մայիսի 22-ին, Երևանի պետական կենդանաբանական այգում: Այն իրավամբ երփներանգ, ժպտառատ, հեքիաթային, ուրախ տոն էր, որին մասնակցում էր ավելի քան 200 երեխա` մայրաքաղաքի 7 դպրոցից: Բոլոր ութերորդ դասարանցիների համար նախօրոք, մեկ ամսվա ընթացքում, ՀԿՀԱԱՇՄ-ի ՀԿ-ն կազմակերպել էր դասընթացներ` կենսաբազմազանության, մասնավորապես` առաջավորասիական ընձառյուծի պահպանության հարցերի վերաբերյալ` նպատակ ունենալով օգնել երեխաներին հասկանալ, թե որքան կարևոր է կենսաբազմազանությունը երկրագնդի առողջ և կայուն զարգացման համար: Բոլոր դպրոցներում հայտարարվել էր ձեռքի աշխատանքի մրցույթ` ընձառյուծի պահպանության թեմայով: Գնահատման էր ներկայացվել շնորհալի աշակերտների հմուտ ձեռքերով պատրաստված 142 աշխատանք: Աշխատանքների գնահատման նպատակով ստեղծված հանձնաժողովը, որում ընդգրկված էին մասնագետ արվեստագետներ և ԲՀՀ-ի ու ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի ներկայացուցիչներ, տվեց իր գնահատականը բոլոր աշխատանքներին: Մրցույթի ամփոփման արդյունքում, 5 մրցանակային տեղերի արժանացավ թվով 25 աշակերտ, իսկ միջոցառմանը մասնակցած բոլոր երեխաները ստացան խրախուսական նվերներ:
Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի բնապահպանության նախարարը, ՀՀ-ում Նորվեգիայի պատվավոր հյուպատոսը, Երևանի քաղաքապետարանի կրթության բաժնի ներկայացուցիչը: ՀԿՀԱԱՇՄ-ի ՀԿ նախագահ` տիկին Ելենա Մանվելյանը կազմակերպության անունից իր շնորհակալությունը հայտնեց բոլոր այն անձանց և կազմակերպություններին, որոնք աջակցել էին միջոցառման իրականացմանը: Միջոցառման ընթացքում 140 աշակերտ մայրաքաղաքի 7 դպրոցից մասնակցեց մրցութային խաղերին, որոնց արդյունքում հաղթող ճանաչվեց թիվ 176 դպրոցը:
Տոնն իրական տոն չէր լինի առանց երգ ու պարի: Բայց այս տոնն իսկականներից էր, ու այստեղ կար թե´ երգ, թե´ պար և թե´ ներկայացում: Բարձր տրամադրությունը թևածում էր ամբողջ կենդանաբանական այգում, անխտիր ժպտում էին բոլորը մեծերն ու փոքրերը: Օդում ծածանվում էին դրոշներն ու բազմերանգ փուչիկները, որոնք համապատասխանում էին երեխաների հագած վերնաշապիկների գույներին: Իսկ տոնի վերջում օդ բարձրացավ մի մեծ փուչիկ` ընձառյուծի պատկերով, և յուրաքանչյուրը, գլուխը վեր պարզած, նայելով երկնքին, իր մտքում պահեց մի մեծ երազանք, որ ցրվեն մթագնած ամպերը, որոնք սպառնում են ընձառյուծին ոչնչացման վտանգով, որ ընձառյուծները Հայաստան գան ու էլ չգնան, որ ապրեն ու շատանան… 

Healthy Environment for Our Children – Healthy Generation for Armenia