Համաձայն այս ծրագրի, <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> հասարակական կազմակերպությունը (ՀԿՀԱԱՇՄ) վերահսկում էր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսավորմամբ իրականացվող ջրամատակարարման ծրագրի կատարման ընթացքը Արարատի մարզի Լանջազատ, Մրգավետ, Դվին և Վերին Դվին գյուղերում: Կազմակերպությունը հետևում էր նաև, որպեսզի չոտնահարվի անվտանգ և բավարար քանակությամբ ջուր ունենալու մարդկանց իրավունքը և չհասցվի որևէ վնաս շրջակա միջավայրին, ինչպես նաև բնակիչներին` նրանց վերաբնակեցման, հողատարածքների օգտագործման և այլ գործողությունների ժամանակ:
Ծրագրում ընդգրկված գյուղերից յուրաքանչյուրում կատարվել են ջրագծերի փոխարինման և ջրաչափերի տեղադրման միայն մասնակի աշխատանքներ: Բոլոր աշխատանքների ավարտից հետո, ջրային կորուստների կրճատման և ջրաչափերի տեղադրման շնորհիվ, ջրամատակարարումը բարելավվել է նաև այս գյուղերի այն տարածքներում, ուր դեռևս չեն անցկացվել նոր ջրագծեր: Ընդ որում, հարկ է նշել, որ նույնիսկ այս գյուղերում ջրամատակարարման ոչ բոլոր հարցերն են լուծվում ներկա փուլում: Ջրամատակարարման որոշ հարցերի պարզաբանման նպատակով, կազմակերպությունը հանդիպել է <<Հայջրմուղկոյուղի>> ընկերության ղեկավարության, ԱԶԲ -ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ, ովքեր հավաստիացրել են, որ իրենց առաքելությունը չի ավարտվում այդ գյուղերում, քանի որ ծրագրի առաջին փուլում իրականացվել են միայն առաջնահերթ աշխատանքները, իսկ հետագայում կնախատեսվեն նաև համապատասխան ֆինանսական ներդրումներ և միջոցառումներ, որոնց իրականացման շնորհիվ վերջնականապես կբարելավվի բնակիչների ջրամատակարարումը:
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն հույս է հայտնում, որ հետագայում, ջրամատակարարման բարելավման հարցերից բացի, պատշաճ ուշադրություն կդարձվի նաև ջրահեռացման կարգավորման, քլորացման կայանների և օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցման հարցերին‘ ընդգրկելով դրանք ապագա ծրագրերում:
Ծրագրի իրականացման ընթացքում երբեմն արձանագրվել է նախագծի պայմանների ու իրականացված գործունեության միջև անհամապատասխանություն, որը պայմանավորված է եղել ջրագծերի իրական վիճակն արտացոլող ոչ համարժեք տվյալների առկայությամբ: Դրա հետ կապված, շինարարական աշխատանքների կատարման ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել ուղղումներ մտցնել նախագծերում և կատարել լրացուցիչ աշխատանքներ: Իրավիճակի շտկման նպատակով, ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի մասնակցությամբ կրկնակի հանդիպում է կազմակերպվել նախագծող կազմակերպության, շինարարների ու բնակիչների հետ‘ վերջիններիս իրազեկելու և նրանց դիտողություններն ու ցանկությունները լսելու համար: Նախնական նախագծերի գնահատման ժամանակ պարզվել է, որ կան ֆինանսավորման հավելյալ հնարավորություններ‘ լրացուցիչ ջրագծեր անցկացնելու համար: Արդյունքում, Լանջազատ գյուղում տեղադրվել է նախատեսված 4500 մ-ի փոխարեն 7085 մ ջրագիծ, Դվինում` 2100 մ-ի փոխարեն 4045 մ, Մրգավետ գյուղում` 3700 մ-ի փոխարեն 4235 մ, իսկ Վերին Դվինում` 4500 մ ջրագիծ:
Շինարարական աշխատանքների հանձնման-ընդունման ակտերը ստորագրված չեն, քանի որ կան դեռևս անավարտ աշխատանքներ, և ժամկետները երկարաձգվել են: ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել իրականացվող ծրագրի մասին բնակչության իրազեկության բարձրացմանը և այդ նպատակով պատրաստել ու տարածել է բուկլետներ` Հայաստանում ԱԶԲ-ի կողմից իրականացվող աշխատանքների մասին, կազմակերպել է ռադիո- և հեռուստահաղորդումներ, հրապարակել է հոդվածներ: Կազմակերպվել են հանդիպումներ գյուղերի առավել ակտիվ մարդկանց, բուժանձնակազմի, բնակչության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ` մոնիթորինգի և տեղեկատվության տարածման աշխատանքներում նրանց ներգրավելու նպատակով: Ծրագրում ընդգրկված համայնքների ղեկավարներն իրենց գյուղերի ակտիվի միջոցով ներկայացրել են իրենց բացահայտումներն ու դիտողությունները, որոնք այնուհետ ՀԿՀԱԱՇՄ կազմակերպությունը ներկայացրել է նախագծողներին, շինարարներին և <<Հայջրմուղկոյուղի> ըկերությանը: ԱԶԲ-ի ծրագրի մասով ՀԿՀԱԱՇՄ-ի կատարած աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացվել է Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի գրասենյակում կազմակերպված հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ջրամատակարարման հարցերով զբաղվող մի շարք ՀԿ-ներ: ՀԿՀԱԱՇՄ-ի ծավալած գործունեության մասին իրազեկվել են նաև Արարատի մարզում գործող ՀԿ-ները, որոնք մասնակցել են նշված մարզում կազմակերպված Կլոր սեղանին: ՀԿՀԱԱՇՄ կազմակերպությունն իրականացրել է հարցում գյուղերի բնակիչների հետ` ջրամատակարարման բարելավման արդյունքների մասին և դրանք ներկայացրել Կլոր սեղանի ժամանակ, որին մասնակցել են բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները: 

Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ