Էնդոկրինոլոգների ընկերության հայտարարությունը պլաստմասսայի մասին պայմանագրի նախագծի հիմնական հարցերի վերաբերյալ

Ֆտալատների ազդեցության հետևանքով տարեկան մահանում է 350,000 մարդ, ինչն ավելի թանկ է նստում, քան պլաստմասսայի արդյունաբերության եկամուտներն են։ Ներկայումս քննարկվող պլաստմասսայի վերաբերյալ համաշխարհային պայմանագիրը պետք է պաշտպանի առողջությունը և արգելի պլաստմասսայում վտանգավոր քիմիական նյութերի օգտագործումը: Իրավաբանորեն պարտադիր չափորոշիչները պետք է ապահովեն, որ պլաստմասսայում քիմիական նյութերի մասին տեղեկատվությունը թափանցիկ լինի և կարելի լինի հետևել առանձին պլաստմասսե արտադրանքներում: Հավելանյութերի, տեխնոլոգիական օժանդակ նյութերի և պոտենցիալ վտանգավոր պոլիմերների վերաբերյալ տեղեկատվության հրապարակային բացահայտումը կարևոր է հաշվետվողականության, տեղեկացված լինելու իրավունքի, արտադրանքի ավելի անվտանգ դիզայնի և թունավոր նյութերից զերծ շրջանաձև տնտեսության խթանման ապահովման համար։
Ստորև ներկայացված է Էնդոկրինոլոգների ընկերության հայտարարությունը պլաստմասսայով աղտոտման վերաբերյալ նոր իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի տեքստի քննարկումների ժամանակ։

Որպես աշխարհի ամենամեծ և ամենահին մասնագիտական ընկերություն, որը զբաղվում է հորմոնային համակարգերի ուսումնասիրությամբ և էնդոկրին խանգարումներ ունեցող մարդկանց կլինիկական խնամքով, և որն ունի մոտ 18,000 բժիշկ և գիտնական ավելի քան 120 երկրում, Էնդոկրինոլոգների ընկերությունը գիտակցում է պլաստմասսայով աղտոտման և դրանում պարունակվող էնդոկրին խաթարիչների պատճառած լուրջ վնասը մարդու առողջությանը։

Պլաստմասսան կյանքի և մահվան հարց է։ Ամեն տարի 55-ից 64 տարեկան 350 000 մարդ մահանում է սրտանոթային հիվանդություններից, որոնք առաջանում են ֆտալատների՝ պլաստմասսայում պարունակվող քիմիական նյութի ազդեցության հետևանքով։ Այս մահերի ավելի քան 70%-ը տեղի է ունենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրներում։ Այս մահերի հետ կապված հասարակական ծախսերը տատանվում են 510 միլիարդից մինչև 3,74 տրիլիոն դոլարի սահմաններում, ինչը գերազանցում է պլաստմասսայի արդյունաբերության համաշխարհային եկամուտը։ Պլաստմասսայում օգտագործվող քիմիական նյութերը խաթարում են վերարտադրողական զարգացումը, մեծացնում վաղաժամ ճարպակալման ռիսկը և առաջացնում մի շարք այլ առողջական խնդիրներ, այդ թվում՝ վաղաժամ ծննդաբերություն։

Հետևաբար, առողջության պաշտպանությունը կարևորագույն նշանակություն ունի, եթե մենք ուզում ենք խուսափել մոլորակի բնակչության թվի նվազումից տնտեսական արտադրողականության գագաթնակետին։ Մասնավորապես, մենք նշում ենք նախագահի տեքստում հետևյալի բացակայությունը.
• Առանձին հոդված առողջության մասին
• Պլաստմասսայում վտանգավոր քիմիական նյութերի, այդ թվում՝ էնդոկրին խաթարիչների բացահայտման և սահմանափակման միջոցառումներ
• Օժանդակ մարմիններում շահերի բախման կարգավորման գործընթացներ
• Միջոցառումներ՝ առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ պլաստմասսայի արտադրությունն ու սպառումն աճում է
• Պլաստմասսե արտադրանքներում քիմիական նյութերի արտադրության և օգտագործման թափանցիկության նկատմամբ պահանջները։

Մենք հասկանում ենք, որ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի/ԱՀԿ-ի էնդոկրին խաթարիչների վերաբերյալ գիտության վիճակի մասին զեկույցը կթարմացվի և կհրապարակվի, սակայն ներկայիս գիտական ապացույցները բավականաչափ համոզիչ են գործողություններ ձեռնարկելու համար, և մենք կարիք չունենք սպասելու մեկ այլ զեկույցի՝ հանրային առողջությունը պաշտպանելու համար: Մենք՝ Էնդոկրինոլոգների ընկերության անդամներս, աջակցում ենք մարդու առողջությունը պաշտպանելու համար առկա լավագույն գիտության կիրառմանը և կոչ ենք անում երկրներին այս պայմանագրի շրջանակում գերակա ուշադրություն հատկացնել հանրային առողջությանը, և ոչ թե կարճաժամկետ տնտեսական նկատառումներին: Մեր գիտական գիտելիքները կարող են օգնել մշակել ավելի անվտանգ և կայուն նյութեր:
Հայտարարության ամբողջական տեքստը զետեղված է հետևյալ կայքում՝ https://www.linkedin.com/feed/update/urn:li:activity:7361441729742311426/