Ովքեր ենք մենք
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հիմնադրվել է 1999թ․-ին: ՀԿՀԱԱՇՄ-ի առաքելությունն է ուսումնասիրել շրջակա միջավայրի աղտոտվածության և կլիմայի փոփոխության հիմնախնդիրները Հայաստանում, պաշտպանել առողջ շրջակա միջավայրում ապրելու մարդու իրավունքը, նպաստել շրջակա միջավայրի աղտոտումից և վտանգներից առողջապահական ռիսկերի նվազեցմանը, կլիմայի հարմարվողականությանը և մեղմմանը, ինչպես նաև առողջ ապրելակերպին՝ կենտրոնանալով հատկապես երեխաների և կանանց վրա։
ՀԿՀԱԱՇՄ-ն նպաստում է առողջության և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների խելամիտ լուծմանը՝ որոշում կայացնողների հետ շահերի պաշտպանության և լոբբինգի, առողջությանը սպառնացող բնապահպանական վտանգների և շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված սոցիալական անարդարության վերաբերյալ կրթական և իրազեկման արշավների, անկախ մշտադիտարկման և հետազոտությունների միջոցով, աջակցում է գյուղական համայնքների կարողությունների զարգացմանը, խթանում է կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը որոշումների կայացմանը և բոլոր մակարդակներում կանանց հզորացմանը, կազմակերպում և մասնակցում է միջազգային և ազգային համաժողովների և ֆորումների։
ՀԿՀԱԱՇՄ-ն աշխատում է երկարաժամկետ նպատակների իրագործման ուղղությամբ՝ հասնելու գերնպատակին, այսինքն՝ նպաստելու Կայուն զարգացման 1, 3, 5, 6, 7, 12 նպատակների իրականացմանը, որոնք ուղղված են գյուղական վայրերում կայուն զարգացմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության վերաբերյալ ԿԶՆ 13-ի և ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի շրջանակում Փարիզի համաձայնագրի իրականացմանը։
ՀԿՀԱԱՇՄ-ն նպաստում է կայուն զարգացմանը, մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությանը և աղքատության կրճատմանը՝ համագործակցելով մի շարք միջազգային բնապահպանական և առողջապահական ցանցերի և կազմակերպությունների հետ՝ «Աղտոտիչների վերացման միջազգային ցանց» (IPEN, ներկայումս ՀԿՀԱԱՇՄ-ն ներկայացված է IPEN-ի Ղեկավար կոմիտեում), «Կանայք հանուն ընդհանուր ապագայի» (WECF), «Պեստիցիդների դեմ գործողությունների ցանց Եվրոպա» (PAN Europe), «Զրո սնդիկ աշխատանքային խումբ» (ZMWG, ներկայումս ՀԿՀԱԱՇՄ-ն ներկայացված է համակարգող թիմում), «Առողջության և շրջակա միջավայրի հարցերով դաշինք» (HEAL), «Կանայք հանուն ջրային գործընկերության» (WfWP), «Առողջապահություն առանց վնասի» (HCWH), «Համաշխարհային հակաայրման դաշինք» (GAIA), «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» (GEF) ՀԿ-ների ցանց, «Ազատվել պլաստմասսայից» (BFFP) և այլն։ ՀԿՀԱԱՇՄ-ն «Երկրի ընկերներ» միջազգային գրասենյակի (FoEI) և «Երկրի ընկերներ» եվրոպական գրասենյակի (FoEE) ասոցացված անդամ է: 2022թ․-ից ՀԿՀԱԱՇՄ-ն հավատարմագրված է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության ասամբլեայի (UNEA) կողմից:
ՀԿՀԱԱՇՄ-ն հավատացած է, որ բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը և արդյունավետ գործընկերությունը բոլոր այն ծրագրերի արդյունավետ և հաջող իրականացման հիմնաքարն է, որոնք ուղղված են մարդու կյանքի բարելավմանն ու պահպանմանը և կազմակերպության «Առողջ շրջակա միջավայր` մեր երեխաների համար, առողջ սերունդ` Հայաստանի համար» տեսլականի իրականացմանը:
ՀԿՀԱԱՇՄ-ի գործունեության հիմնական ոլորտները
Քիմիական նյութեր և թափոններ
Իր հիմնադրումից ի վեր ՀԿՀԱԱՇՄ-ն ակտիվորեն ներգրավված է եղել Հայաստանում առողջապահության, թափոնների կառավարման, ջրային ռեսուրսների կառավարման և կայուն գյուղատնտեսության ոլորտներում քիմիական անվտանգության և անվտանգ այլընտրանքների խթանման վերաբերյալ ազգային քաղաքականության քննարկումներում:
ՀԿՀԱԱՇՄ-ն «Կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ-ներ) մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի, ինչպես նաև Քիմիական նյութերի վերաբերյալ գլոբալ շրջանակային ծրագրի (GFC) ՀԿ-ների մասով ազգային համակարգողն է։ Քիմիական նյութերի վերաբերյալ գլոբալ շրջանակային ծրագիրն անդրադառնում է այնպիսի մտահոգիչ հարցերի, ինչպիսիք են բարձր վտանգավորության թունաքիմիկատները (ԲՎԹ-ներ), կապարային ներկերը, էնդոկրին համակարգի գործառույթը խաթարող քիմիական նյութերը և այլն: ՀԿՀԱԱՇՄ-ն Ստոկհոլմի կոնվենցիայի և Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի ազգային Ղեկավար կոմիտեների անդամ է: 2023թ․-ին ՀԿՀԱԱՇՄ-ն դարձավ Միջկառավարական բանակցային կոմիտեի (INC) դիտորդ՝ մշակելու միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք պլաստմասսայից աղտոտվածության վերաբերյալ, այդ թվում՝ ծովային միջավայրում: Ազգային շահերի պաշտպանության և համայնքային աշխատանքի հիմնական ուշադրության կենտրոնում այնպիսի վնասակար քիմիական նյութերի առկայությունն է ապրանքներում, ինչպիսիք են ֆտալատները մանկական խաղալիքներում, պերֆտորալկիլային նյութերը կենցաղային արտադրանքներում, ծանր մետաղները կոսմետիկ և այլ ապրանքներում, քիմիական նյութերը երեխաների և կանանց համար նախատեսված պլաստմասսե արտադրանքներում և այլն:
Գյուղատնտեսություն
ՀԿՀԱԱՇՄ-ն օժանդակում է փոքր ֆերմերներին, հիմնականում կանանց, հարմարվելու կլիմայի փոփոխությանը` կազմակերպելով դասընթացներ հարմարվողական տեխնոլոգիաների վերաբերյալ, ինչպիսիք են Վնասատուների դեմ ինտեգրացված պայքարը (ՎԴԻՊ), «խելացի» գյուղատնտեսությունը, աջակցում է վերապատրաստված փոքր կին ֆերմերների կողմից փոքր փորձնական ծրագրերի իրականացմանը և սոցիալական ձեռներեցության խթանմանը։
Առանձնահատուկ մտահոգության խնդիր է գյուղատնտեսությունում ԲՎԹ-ների (քլորպիրիֆոս, ացետոքլոր և այլն) օգտագործումը, որոնք ունեն էնդոկրին համակարգի գործառույթը խաթարող, նյարդաբանական և քաղցկեղածին հատկություններ: Շահերի պաշտպանության քարոզարշավներն ու համայնքային աշխատանքը կենտրոնանում են մարդու առողջությանը և շրջակա միջավայրին հասցվող վնասների, ինչպես նաև այդ քիմիական նյութերի անվտանգ այլընտրանքների, ներառյալ գյուղատնտեսությունում օգտագործվող պլաստմասսե արտադրանքներում առկա քիմիական նյութերի վրա:
Ջրամատակարարում և ջրահեռացում
ՀԿՀԱԱՇՄ-ն 2007թ.-ից սկսած ակտիվ ներգրավվածություն է ունեցել ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պահպանության և օգտագործման մասին կոնվենցիային» (Ջրային կոնվենցիա) կից «Ջրի և առողջության մասին» արձանագրության ներքո իրականացված գործողություններում և քննարկումներում` որպես ջրի և առողջության հարցերով աշխատանքային խմբի, նպատակային ցուցանիշների սահմանման և հաշվետվությունների կազմման հարցերով աշխատանքային խմբի, ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության հարցերով փորձագիտական խմբի մասնակից և ակտիվ անդամ:
ՀԿՀԱԱՇՄ-ն ունի իր ներկայացուցիչը Հայաստանում ջրի հետ կապված հարցերի վերաբերյալ ազգային քաղաքականության երկխոսության (ԱՔԵ) Ղեկավար կոմիտեի կազմում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի քարտուղարությունը համատեղ ստանձնում են ԱՔԵ-ի իրականացումը:
ՀԿՀԱԱՇՄ-ն ունի իր ներկայացուցիչը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական հիդրոլոգիական ծրագրի ազգային կոմիտեում և Ջրօգտագործողների ընկերությունների և ընկերությունների միությունների գործունեությունը կարգավորող խորհրդում:
Վերականգնվող էներգիա
2017թ․-ին ՀԿՀԱԱՇՄ-ն միացել է One Planet Network-ի Կայուն ապրելակերպի և կրթության ծրագրին՝ նպաստելով գյուղական համայնքային մակարդակում կայուն, ռեսուրսների արդյունավետ և ցածր ածխածնային արտանետումներով կենսակերպի անցմանը մի շարք գործիքների միջոցով՝ տեղեկատվության փոխանակում, բարենպաստ քաղաքականության փորձարկում, երկխոսություններ և համագործակցություն համապատասխան շահագրգիռ կողմերի հետ՝ Հայաստանի գյուղաբնակ վայրերում կայուն ապրելակերպի և պատասխանատու շուկայավարման գործելակերպերի ապահովման համար:
Կենսաբազմազանություն
ՀԿՀԱԱՇՄ-ն աշխատում է անտառների պաշտպանության և մերձսահմանային համայնքների իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:
Մարդասիրական օգնություն
ՀԿՀԱԱՇՄ-ն մարդասիրական օգնություն է տրամադրում խոցելի համայնքներին: Դրա վառ օրինակ է Արարատի մարզի Դիտակ գյուղի միջնակարգ դպրոցի և մանկապարտեզի վերանորոգումը, որն ապահովեց ուսումնական գործընթացի արդյունավետ անցկացումն առողջ միջավայրում և օգնեց մայրերին ունենալ ավելի շատ ազատ ժամանակ տնտեսական և այլ կենցաղային գործունեության համար: 2020թ․-ի վերջին զինված հակամարտությունից և 2024թ․-ին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից և Ադրբեջանից հայ փախստականների ներհոսքից հետո ՀԿՀԱԱՇՄ-ն օգնություն է առաջարկում փախստականներին՝ տրամադրելով ուսուցում գյուղատնտեսական գործելակերպերի վերաբերյալ, բացահայտելով կարիքները և դրանց մասին հայտնելով իշխանություններին, տրամադրելով մարդասիրական օգնություն և այլն: