2013 – Կանայք որպես փոփոխության գործոն` Հայաստանում գյուղի կանանց դերի ուժեղացում

Գյուղի կանանց միջազգային օր

Մամուլի  հաղորդագրություն

Ս.թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:30-ը, Մաշտոցի պուրակին հարող գյուղատնտեսական տոնավաճառում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) կգործի գյուղմթերքների ցուցահանդես-վաճառք՝ նվիրված գյուղի կանանց միջազգային օրվան:
Ցուցահանդես-վաճառքն իրականացնելու է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ՝ «Կանայք որպես փոփոխության գործոն` Հայաստանում գյուղի կանանց դերի ուժեղացում» ծրագրի շրջանակներում:
Ցուցահանդես-վաճառքին մասնակցելու են միայն նշված ծրագրում ընդգրկված գյուղերի կանայք, որոնք ներկայացնելու են իրենց աշխատանքի արդյունքը: Տարբեր համայնքներ ներկայացնող կին գյուղատնտեսների համար միջոցառումը բացառիկ հնարավորություն է՝ միմյանց հետ ծանոթանալու և փորձի փոխանակման համար:
Ինչպես գյուղատնտեսական տոնավաճառների, այնպես էլ այս դեպքում, գնորդը հնարավորություն կունենա անմիջապես արտադրողից գնելու ագրոքիմիկատների հնարավորինս պակաս օգտագործմամբ աճեցրած գյուղմթերքներ:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լրացուցիչ տեղեկատվություն

ՄԱԿ-ը հոկտեմբերի 15-ը հռչակել է «Գյուղի կանանց միջազգային օր»` ի նշան գյուղի և գյուղանտեսության զարգացման գործում կանանց դերի և մասնակցության կարևորության: Ըստ փաստացի տվյալների, աշխարհում մոտ 1,6 մլրդ կին ներգրավված է գյուղատնտեսական աշխատանքներում: Արտադրվող գյուղմթերքների կեսից ավելին աճեցվում է կին ֆերմերների տքնաջան աշխատանքի շնորհիվ: Ողջ աշխարհում կին ֆերմերներին պատկանում է մշակելի հողատարածքների միայն 2 տոկոսը: Նրանք օգտվում են գյուղատնտեսական վարկերի 1 տոկոսից:
Աշխարհում կրթություն ստանալու հնարավորությունից զուրկ մարդկանց երկու երրորդը կանայք են: 1970 թ-ից սկսած աղքատության մեջ ապրող կանանց թիվը կրկնապատկվել է:

Հետգրություն

Միջոցառման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել կազմակերպության գրասենյակ` (+37410) 52-36-04 հեռախոսահամարով: