2020 – ՀՀ մարզերում քիմիական անվտանգության մասին քարոզարշավ Ստոկհոլմի և Մինամատայի կոնվենցիաների շրջանակում

Սեմինարներ` Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման շրջանակում վտանգավոր քիմիական նյութերի՝ ԿՕԱ-ների (թունաքիմիկատներ, ՊՔԲ-ներ) և Մինամատայի կոնվենցիայի իրականացման շրջանակում շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա սնդիկի ազդեցության և դրանց վտանգների կանխման վերաբերյալ

 

2020 թ.–ի մարտի 2–ից մինչև հունիսի 30–ը «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ իրականացրել է առցանց սեմինար-քննարկում` նվիրված Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման շրջանակում վտանգավոր քիմիական նյութերի՝ ԿՕԱ-ների (մասնավորապես` թունաքիմիկատների, պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ների)), ինչպես նաև Մինամատայի կոնվենցիայի իրականացման շրջանակում սնդիկի ազդեցությանը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա և սպառնացող վտանգների կանխմանը:

Առցանց սեմինարներն անցկացվել են ԶՈՒՄ (Zoom), Ֆեյսբուք մեսենջեր (Facebook Messenger) կամ Վայբեր (Viber) հարթակներում, որոնց մասնակցել է բնապահպանական հիմնախնդիրներով մատահոգ տարբեր մասնագիտությունների և զբաղմունքների տեր 170 անձ` ուսուցիչներ, դասախոսներ, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, տարբեր մասնագիտությունների բժիշկներ, հողագործներ, տնային տնտեսուհիներ, երիտասարդ ծնողներ, ուսանողներ, բարձր դասարանների աշակերտներ: Երբեմն միևնույն համակարգչով քննարկմանը մասնակցել են մեկից ավելի անձինք:

Սեմինար – քննարկումն իրականացվել է ՀՀ Արարատի մարզի Բաղրամյան և Տափերական համայնքների, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի, Կոտայքի մարզի Սոլակ համայնքի, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի և Ապագա համայնքի և Երևան քաղաքի բնակիչների հետ:

Առցանց անցկացվել է 8 սեմինար, որոնց կազմակերպմանն աջակցել են Գյումրիի, Արմավիրի և Երևանի բնապահպանական հասարակական տեղեկատվական կենտրոնների համակարգողները, իսկ համայնքներում՝ առցանց հարթակին քաջատեղյակ ուսուցիչները:

Երևան քաղաքում իրականացվել է 2 քննարկում։ Առաջին քննարկումն անցկացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների հետ համատեղ` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ:

Երկրորդ քննարկումն անցկացվել է Երևանի Օրհուս կենտրոնի հետ համատեղ, որին մասնակցել են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) հետազոտությունների կենտրոնի պետը, ՃԿՊԱ –ի վերապատրաստման ֆակուլտետի, փրկարարական ֆակուլտետի, էկոլոգիա առարկայի դասախոսներ և ուսանողներ, Երևանի պետական համալսարանի դասախոսներ և ուսանողներ, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը, «Ակվամարին» ՀԿ-ի նախագահը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի բնապահպանական կրթության ծրագրի ղեկավարը, «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահը, «Սիրիահայերի միություն» ՀԿ ծրագրերի ղեկավարը, «Կյանքի գույներ» ՀԿ նախագահը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգողը և այլ անձինք:

Սեմինարներն անցկացրել են ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի երեք աշխատակիցներ:

 

1. ԿՕԱ-ների (մասնավորապես` թունաքիմիկատների) ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, դրանց վտանգների կանխումը

Սեմինարի անցկացման ընթացքում խոսվել է այն մասին, որ «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2001թ.-ին և վավերացրել է 2003 թ.-ի հոկտեմբերի 22-ին։ Այն ուժի մեջ է մտել 2004 թ.-ի մայիսի 17-ին:

Այնուհետև ներկայացվել է, թե որ քիմիական միացություններից է հարկավոր հրաժարվել, և ըստ նշանակության կամ ծագման ԿՕԱ-ներն ինչպիսի կատեգորիաների են պատկանում։

Սեմինարի մասնակիցներին տրամադրվել է տեղեկատվություն առ այն, որ ԿՕԱ-ները կուտակվում են մարդու օրգանիզմում և կարող են առաջացնել առողջական լուրջ խնդիրներ: Դրանք ազդում են մարսողական, իմունային, շնչառական, միզասեռական և էնդոկրին համակարգերի վրա:

Նաև նշվել է, որ դրանք վտանգավոր են

  • և´ այն մարդկանց համար, ովքեր աշխատում ու ապրում են այնտեղ, որտեղ արտադրվել կամ օգտագործվել են ԿՕԱ-ներ,
  • և՛ այն մարդկանց համար, որոնք անմիջականորեն ենթարկվել են այդ նյութերի ազդեցությանը ներշնչման, մաշկի հետ շփման և սննդի ընդունման միջոցով:

Անդրադառնալով ԿՕԱ-ների մնացորդային քանակություններին, նշվել է, որ դրանք աղտոտում են մշակաբույսերը և դրանցով սնվողներին: Երկար հեռավորությունների վրա տարածվելու հատկության շնորհիվ, ԿՕԱ-ները կուտակվում են նույնիսկ այն ձկների, թռչունների և կաթնասունների օրգանիզմներում, որոնք շատ հեռու են գտնվում ԿՕԱ-ների օգտագործման կամ արտադրության վայրից:

Խոսվել է նաև այն մասին, որ միևնույն թունաքիմիկատի երկարաժամկետ օգտագործումն իջեցնում է դրա ազդեցությունը վնասատուի նկատմամբ, քանի որ վնասատուն ձեռք է բերում դիմացկունություն տվյալ նյութի նկատմամբ:

Անդրադարձ է կատարվել նաև այն փաստին, որ ԿՕԱ-թունաքիմիկատներ օգտագործելիս ոչնչանում են ոչ միայն այն օրգանիզմները, որոնց համար այդ նյութերը նախատեսված են, այլև օգտակար միջատները, թռչունները, ձկները և այլ օրգանիզմներ:

Բնապահպանական հիմնախնդիրների շուրջ ծավալվել է հետաքրքիր քննարկում, ընթացքում բարձրացրած հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

Սեմինարի մասնակիցներին տրամադրվել են ՀԿՀԱԱՇՄ ՀԿ–ի կայքում տեղադրված` թեմային առնչվող մի շարք բրոշյուրների հղումներ`

 

2. ԿՕԱ-ների (մասնավորապես` ՊՔԲ-ների) ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, դրանց վտանգների կանխումը

Սեմինարի ընթացքում խոսվել է այն մասին, որ ՊՔԲ-ները յուղեր և պինդ նյութեր են, որոնք չունեն համ, հոտ և գույն և ունեն հետևյալ հատկությունները` հրակայունություն,  ցածր էլեկտրահաղորդականություն, բարձր դիմադրողականություն ջերմային աղեղնակին, բարձր քիմիական կայունություն և կայունություն շատ օքսիդիչների և այլ քիմիական նյութերի նկատմամբ:

Ներկայացվել են  ՊՔԲ – ներ պարունակող այն սարքավորումների և նյութերի մասին, որոնք հանդիպում են փակ, մասամբ փակ և բաց համակարգերում:

Նաև ներկայացվել է ՊՔԲ-ների ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու օրգանիզմի վրա, և նշվել է, թե ինչպես պետք է վարվել ՊՔԲ պարունակող ոչ պիտանի սարքավորումների հետ։

Ներկայացվել է ՊՔԲ պարունակող ոչ պիտանի սարքերի հայտնաբերման դեպքում իրականացվելիք գործողությունները։ Դրանք են՝

  1. ՊՔԲ պարունակող ոչ պիտանի սարքավորումների ուսումնասիրություն,
  2. շահագործման համար ոչ պիտանի ՊՔԲ պարունակող սարքավորումների տեղադրում տարաներում, պիտակավորում, գրանցում, իսկ սարքավորման վնասվածքի և ՊՔԲ պարունակող յուղերի արտահոսքի դեպքում` յուղերի դատարկում համապատասխան տարայում և կապարակնքում, սարքի բացվածքի հերմետիկ փակում, փաթեթավորում և պիտակավորում՝ թե´ յուղը լցված տարայի և թե’ սարքավորման,
  3. փաթեթավորված և պիտակավորված սարքերի, տարաների տեղափոխում,
  4. դրանց պահեստավորում վտանգավոր նյութերի ժամանակավոր պահեստում, գրանցում մատյանում,
  5. ոչնչացում։

Նաև նշվել է, որ այն հողատարածքը, որն աղտոտվել է ոչ պիտանի սարքերից ՊՔԲ-ներ պարունակող յուղերի արտահոսքի հետևանքով, ենթարկվում է հետազոտության ՊՔԲ-ների պարունակության նկատմամբ։ Եթե հողերն աղտոտված են, ապա իրականացվում է աղտոտված շերտի հեռացում և վնասազերծում:

Ներկայացվել է նաև ՊՔԲ–ների վերջնական հեռացման մեթոդները։ Դրանք հետևյալն են`

հեղուկ թափոնների դեպքում՝

  • ջրածնավորում,
  • գոլորշիացում՝ բարձր ջերմաստիճանային այրում (>1100 °C),
  • գազաֆիկացում,

կոշտ թափոնների դեպքում՝

  • ստորգետնյա թաղում (մշտական հերմետիկացման համակարգով պահեստարաններ),
  • քիմիական քլորազրկում (նատրիումական պրոցես),
  • էլեկտրաքիմիական մշակում` արծաթի նիտրատի կիրառմամբ,
  • պիրոլիզ պլազմային աղեղում՝ այրում։

 

3. Մինամատայի կոնվենցիայի իրականացման շրջանակում սնդիկի ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, վտանգների կանխումը

Սեմինարի անցկացման ժամանակ ներկայացվել են սնդիկ պարունակող այն ապրանքները, որոնք լայն կիրառություն ունեն կենցաղում:

Այնուհետև անդրադարձ է կատարվել սնդիկով սուր և քրոնիկ թունավորման ախտանշաններին:

Մատնանշվել են Հայաստանի կողմից Մինամատայի կոնվենցիայի ստորագրման (10 հոկտեմբերի 2013 թ.), վավերացման` (13 դեկտեմբերի 2017 թ.) և ուժի մեջ մտնելու` (13 մարտի 2018 թ.) տարեթվերը:

Այնուհետև հակիրճ ներկայացվել է տեղեկատվություն կազմակերպության կողմից կատարված լամպերի հետազոտության մասին և թվարկվել են շիկացման, լյումինեսցենտային և ԼԱԴ լամպերի թերություններն ու առավելությունները: Նաև մանրամասն ներկայացվել է կոտրված լամպի դեպքում անհրաժեշտ կատարվելիք գործողությունները՝ նախապատրաստման, մեխանիկական մաքրման, քիմիական վնասազերծման և հեռացման փուլերում:

Նշվել է, թե ինչպես կարելի է պատրաստել լուծույթներ` քիմիական վնասազերծման համար՝

  • 1-ին լուծույթը՝ 2 % -ոց կալիումի պերմանգանատի լուծույթ (2 գ կամ կես թեյի գդալ կալիումի պերմանգանատը լուծել 1 լ ջրում),
  • 2-րդ լուծույթը՝ պատրաստել խառնուրդ՝ վերցնելով 400 գ կամ մեկ տուփ սոդա, 400 գ տնտեսական օճառ և 10 լ տաք ջուր,
  • 3-րդ լուծույթը՝ մեկ փոքր սրվակ կամ 100 մլ յոդը լուծել 1 լ ջրում:

Մանրամասն ներկայացվել են այն գործողությունները, որոնք լամպի կոտրվելու դեպքում չի կարելի կատարել։ Դրանք են.

  1. Չմիացնել օդորակիչը, քանի որ սնդիկի գոլորշիներն արագ տարածվում են՝ թունավորելով օդը: Նույն պատճառով արգելվում է փոշեկուլ օգտագործել:
  2. Չհավաքել ապակյա բեկորներն ավելով, քանի որ թունավոր միացությունները փոշու հետ միասին օդ կբարձրանան, և ավելը կաղտոտվի։
  3. Լյումինեսցենտային լամպի ապակյա և մետաղական մասերը չգցել աղբարկղը, քանի որ դա երկրորդային ախտահարման աղբյուր կհանդիսանա:
  4. Չդիպչել լամպի կոտրված մասերին մերկ ձեռքերով:
  5. Չթափել լամպի փոքր բեկորները զուգարանակոնքի մեջ:

Ելույթում ընդգծվել է նաև կոտրված լյումինեսցենտային լամպի վտանգավոր թափոն լինելու հանգամանքը:

Այնուհետև ցուցադրվել են սնդիկ պարունակող ապրանքներին փոխարինող այլընտրանքային` սնդիկ չպարունակող արտադրանքները և դրանց աշխատանքը:

Սեմինարի մասնակիցներին տրամադրվել են  ՀԿՀԱԱՇՄ ՀԿ–ի կայքում տեղադրված` թեմային առնչվող մի շարք բրոշյուրների հղումներ`

Սվետլանա Աբրահամյան Քնարիկ Գրիգորյան Մարիամ Քեշիշյան