2020 – 2021 – «Ջերմատան աշխատակիցների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովումը և առողջության պահպանումը»

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենակարևոր ճյուղերից է, որում ներգրավված է բնակչության ավելի քան 35%-ը: Ֆերմերներն ու գյուղատնտեսության աշխատողներն աշխատանքի անվտանգության և առողջության առումով կանգնում են ամենամեծ մարտահրավերի առջև, քանի որ նրանց մեծ մասն աշխատում է տարբեր փոքր ֆերմերային տնտեսություններում և ձեռնարկություններում: Ջերմատնային արտադրության արագ աճը, հատկապես՝ Արարատի մարզում, պահանջում է հատուկ ուշադրություն աշխատանքի անվտանգության և առողջության խնդիրներին: Գյուղատնտեսական քիմիական նյութերը, թունաքիմիկատները Հայաստանում լայն կիրառություն ունեն։ Գյուղատնտեսության ոլորտի աշխատողների առջև ծառացած աշխատանքի անվտանգությանը և առողջությանը սպառնացող վտանգների  մասին լայնորեն տարածված թերզեկուցումը հանգեցնում է պատշաճ արձագանքման և համապատասխան կանխարգելիչ միջոցառումների բացակայության: Ֆերմերների մեծ մասը լիովին չի հասկանում վտանգավոր թունաքիմիկատների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված առողջապահական խնդիրները: Մարդու առողջության, անվտանգության, շրջակա միջավայրի վրա ազդեցության և առավել հաճախ օգտագործվող թունաքիմիկատների հետ կապված ռիսկերի մասին իրազեկությունը հատկապես կարևոր է ջերմատներում աշխատանքի առողջության և անվտանգության խթանման գործում, որտեղ աշխատանքային պայմանները բնութագրվում են ինտենսիվ ֆիզիկական աշխատանքի անբարենպաստ միկրոկլիմայական պայմանների և աշխատանքային տարածքի օդի՝ փոշով, թունաքիմիկատներով և ագրոքիմիկատներով աղտոտվածության համադրությամբ: Հայաստանն Աշխատանքի միջազգային կազմակերպության «Գյուղատնտեսությունում աշխատանքի անվտանգության և հիգիենայի մասին» կոնվենցիայի կողմ չի հանդիսանում: Կոնվենցիային միանալը կնպաստի գյուղատնտեսության աշխատողների իրավունքների ավելի լավ պաշտպանությանը, գյուղական վայրերում մասնագիտական ​​հիվանդությունների կանխարգելմանը, ազգային քաղաքականության կատարելագործմանը:

Կոտայքի մարզը գյուղատնտեսության առաջատար մարզերից է: Ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացված վերջին (2016 թ.) «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն, Կոտայքում աղքատության մակարդակը 37,2% է:

Ըստ 2016 թվականի պաշտոնական մարդահամարի, Կոտայքում բնակվում է 254 397 մարդ (123 524 տղամարդ և 130 873 կին), որը կազմում է Հայաստանի ամբողջ բնակչության 8,4%-ը: Քաղաքային բնակչությունը կազմում է 137 481 մարդ (54%), իսկ գյուղականը՝ 116 916 (46%): Թիրախային համայնքը՝ Գողթն, ունի 2070 բնակիչ, 612 տնային տնտեսություն։ Գործում է 2 խոշոր ջերմոցային ընկերություն՝ «Էկոտոմատ» և «Հայկական բերք»: Ջերմոցների տարածքը 19 հա է:

Ծրագրի նպատակներից է իրազեկել ֆերմերներին մարդու օրգանիզմին և շրջակա միջավայրին բարձր վտանգավորության թունաքիմիկատների հասցրած վնասների և այդ կարգի թունաքիմիկատների անվտանգ այլընտրանքների մասին։

Տեղական ֆերմերները, մասնավորապես՝ կին ֆերմերները կիրազեկվեն բարձր վտանգավորության թունաքիմիկատների անվտանգ այլընտրանքների վերաբերյալ:

Ծրագրի շրջանակում պատրաստվել և հրատարակվել է գրքույկ՝ «Ջերմատան աշխատակիցների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովումը և առողջության պահպանումը» վերնագրով, որտեղ  ներկայացված են մի շարք միջոցառումներ՝ ուղղված աշխատանքային պայմանների առողջացմանը, աշխատանքի և հանգստի ռեժիմի ճիշտ կազմակերպմանը, սանիտարակենցաղային սպասարկմանը և աշխատակիցների առողջության պահպանմանը։

 

Իրականացված գործողություններ

Սեպտեմբեր՝ այց Գողթ համայնք, ծանոթացում «Էկոտոմատ» և «Հայկական բերք» ջերմատնային տնտեսությունների հետ, գրքույկի տարածում

Գրքույկի տարածում Արարատի մարզի Բերքանուշ և Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքներում

Հոկտեմբեր՝ վեբինար Գողթ համայնքի բնակիչների հետ՝ թունաքիմիկատների վտանգավորության և անվտանգ այլընտրանքների վերաբերյալ

Դեկտեմբեր՝ վեբինար Քաղսի համայնքի բնակիչների հետ՝ թունաքիմիկատների վտանգավորության և անվտանգ այլընտրանքների վերաբերյալ։ Գրքույկի տարածում Կոտայքի մարզի Գողթ, Սոլակ, Ալափարս և Քաղսի համայնքներում։