ՀԿՀԱԱ Նորություններ

Աշխատաժողով` նվիրված քիմիական անվտանգության հարցերին

2017թ.-ի սեպտեմբերի 28-29-ը Երևանի «Իբիս» հյուրանոցում ԿՕԱ-ների ոչնչացման միջազգային ցանցի (IPEN) նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատաժողով` «Հանրային մասնակցությունն Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում քիմիական անվտանգության հարցերի լուծմանը» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էր ԱԵԿԿԱ 10 երկրի 32 ներկայացուցիչ, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և  ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գրասենյակների, տեղական հասարակական կազմակերպությունների, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ժամանակ ակտիվ քննարկումներ ծավալվեցին քիմիական անվտանգությանն առնչվող ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր ծագող հարցերի շուրջ: Ելույթ ունեցողներն անդրադարձան այնպիսի խնդիրների, ինչպիսիք են` Կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ-ներ) պաշարների գույքագրումը, ծանր մետաղներով շրջակա միջավայրի աղտոտումը, հորմոնային համակարգի վրա էնդոկրին քայքայիչ նյութերի ազդեցությունը, ջրային մարմինների աղտոտումը պլաստիկ նյութերով, գենդերային հավասարությունը և շատ այլ հարցերի: Բացի այդ, IPEN-ը ներկայացրեց Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի Կողմերի առաջին համաժողովի արդյունքները:

image001

Հանդիպման ընթացքում մասնակիցներին տրամադրվեցին տեղեկատվական նյութեր:

Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին հյուրընկալության, հետաքրքիր և բովանդակալից միջոցառման համար և հանդես եկան առաջարկությամբ, որպեսզի նմանօրինակ աշխատանքային հանդիպումները կրեն շարունակական բնույթ: