2019
Վտանգավոր է. ԵՄ–ի սահմանած նոր չափորոշիչը  թույլ է տալիս մանկական խաղալիքներում օգտագործել թունունակ քիմիական նյութեր և վերամշակված պլաստմասսայից պատրաստված այլ արտադրանքներ

Վտանգավոր է. ԵՄ–ի սահմանած նոր չափորոշիչը  թույլ է տալիս մանկական խաղալիքներում օգտագործել թունունակ քիմիական նյութեր և վերամշակված պլաստմասսայից պատրաստված այլ արտադրանքներ

 

(Պրահա, Բրյուսել, փետրվարի 21, 2019թ.). Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի «Կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) վերաբերյալ կանոնակարգի բարեփոխման մասին» որոշմամբ, որի մասին հայտարարվեց այս շաբաթ, երեխաները կշարունակեն գտնվել վտանգավոր անտիպիրենների (հակակրակային խառնուրդներ) ազդեցության սպառնալիքի տակ, որոնք, ինչպես հայտնի է, առաջացնում են վահանագեղձի գործառույթի խաթարում և նյարդաբանական  խանգարումներ: Բարեփոխված կանոնակարգի համաձայն, վերամշակված պլաստմասսայի մեջ թույլատրվելու է օգտագործել բարձր խտությամբ անտիպիրեններ, որոնք առկա են էլեկտրոնային թափոններում, այդ թվում` Ստոկհոլմի կոնվենցիայով արդեն արգելված անտիպիրենները:

Նոր կանոնները թույլ են տալիս օգտագործել 500 մգ/կգ չափաքանակով անտիպիրեններ, որոնք, ըստ Ստոկհոլմյան կոնվենցիայի, ներառված են համաշխարհային մակարդակով վերացման ենթակա  նյութերի ցանկում: «Արնիկա»–յի, HEAL-ի և IPEN-ի շրջակա միջավայրի հիգիենայի հետազոտողները ցույց են տվել, որ թունունակ անտիպիրենները թափոնների հոսքում հայտնվում են էլեկտրոնային սարքավորումների հեռացման արդյունքում: Այս քիմիական նյութերը, որոնք առաջացնում են վահանագեղձի գործառույթի խաթարում և երեխաների մոտ  նյարդաբանական խանգարումներ և ուշադրության պակաս, հայտնաբերվել են ողջ Եվրոպայում` վերամշակված պլաստմասսայից պատրաստված մեծ քանակությամբ մանկական արտադրանքներում և այլ սպառողական ապրանքներում: Այս չափորոշչի ներդրմամբ Եվրոպական խորհրդարանը և Խորհուրդը համաձայնել են ենթարկել մեր երեխաներին կայուն օրգանական աղտոտիչների ազդեցության վտանգին, ընդ որում դրանք այն քիմիական նյութերն են, որոնք Ստոկհոլմի կոնվենցիան առողջապահական և բնապահպանական խնդիրների պատճառով ձգտում է վերացնել համաշխարհային մակարդակում:

Ըստ վերջերս հրապարակված «Թունավոր սողանցք. վերամշակման միջոցով վտանգավոր թափոնների փոխակերպում նոր արտադրանքների» զեկույցի, լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ եվրոպական 19 երկրում ձեռք բերված սպառողական ապրանքների 92 %-ը, ներառյալ խաղալիքները, աղտոտված են բրոմացված դիֆենիլ եթերներով (որոնք հիմնականում առաջանում են վերամշակված էլեկտրոնային թափոններից): Ճակատագրի հեգնանքով, այս որոշումը նշանակում է, որ փորձարկվող արտադրանքի 64 %-ը, ԵՄ-ի սահմանած չհիմնավորված չափազանց բարձր սահմանային թույլատրելի քանակի պատճառով, կհամարվի թույլատրելի:

«Եվրամիության կողմից խառնուրդներում և ապրանքներում այդ նյութերի համար սահմանված 500 մգ / կգ թույլատրելի չափաքանակը նշանակում է թույլ տալ, որ մանկական խաղալիքներն աղտոտվեն թունավոր անտիպիրեններով: Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի անդամներն արդյո՞ք ընդունելի են համարում, որ մեր երեխաները խաղան կայուն օրգանական աղտոտիչների հետ, որոնք նախատեսված է վերացնել համաշխարհային մակարդակում», – հարցնում է ուսումնասիրության առաջատար հեղինակ, «Արնիկա»–յի փորձագետ Ժիտկա Ստրակովան, որը մասնագիտացած է ԿՕԱ–ների հարցում:

Հետազոտողների կարծիքով, Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի համաձայնագրով նախատեսված չափորոշիչը ստեղծում է սողանցք, որը թույլ տալիս, որպեսզի մի շարք թունավոր քիմիական նյութեր վնաս հասցնեն մարդու առողջությանը:

«Վերամշակված թունաքիմիկատների օգտագործումը նոր արտադրանքներում խաթարում է անթափոն տնտեսության ամբողջ հասկացությունը: Սա եվրոպական որոշում կայացնողների կողմից պահանջում է խիստ միջոցառումների իրականացում` դրանք մեկընդմիշտ վերացնելու համար։ Բրոմացված դիֆենիլ եթերները խաղալու համար չեն: Այդ էնդոկրին քայքայիչները պատասխանատու են երեխաների ուշադրության պակասի և նյարդաբանական խանգարումների համար», – ասում է ուսումնասիրության համահեղինակ, «Հանուն առողջության և շրջակա միջավայրի»  դաշինքի (HEAL) գործադիր տնօրեն Գենոն Ջենսենը:

«ԵՄ նոր կանոնները հակասում են Ստոկհոլմի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին, որոնք արգելում են դեկաբրոմացված դիֆենիլ եթերներ պարունակող արտադրանքների վերամշակումը», – ասում է IPEN-ի ավագ գիտաշխատող և տեխնիկական խորհրդատու Ջո ԴիԳանգին: «Թունունակ նյութերի վերամշակման օգտին ԵՄ-ի դիրքորոշումը կողմերի առաջիկա համաժողովում կոնֆլիկտի համար հող է նախապատրաստում»:

Դիօսքիններն, առավել վտանգավոր նյութերի մեկ այլ խումբ, կարող են արտադրվել չկանխամտածված կերպով` վերամշակման գործընթացում անտիպիրեններ պարունակող պլաստմասսե իրերի տաքացման և վերակաղապարման ժամանակ: «Տոքսիկ ապուր` դիոքսինները պլաստիկ խաղալիքներում» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԲԴԵ–ների վերամշակման արդյունքում առաջացած աղտոտումը հանգեցնում է դիօքսինների ներթափանցմանը վերամշակված պլաստմասսե արտադրանքներում, որը ևս մեկ պատճառ է ԲԴԵ–ների, որպես թափոնների, առաջացումը կանխելու համար։

«Գերմանիայում ձեռք բերված խաղալիքի հետազոտությունը ցույց է տվել, որ դրանում դիօքսինի պարունակությունը նույնն է, ինչ թափոնների այրման ժամանակ առաջացող թռչող մոխրում: ԲԴԵ–ները վտանգավոր քիմիական նյութեր են, որոնք ազդում են ուղեղի զարգացման վրա, վնասում են իմունային համակարգը և դեռևս չծնված երեխային, բարձրացնում են քաղցկեղի առաջացման վտանգը և վահանագեղձի գործառույթի  խանգարման ռիսկը։ ԿՕԱ-ներպարունակող թափոնները շատ վտանգավոր են և պետք է խստորեն վերահսկվեն: ԵՄ-ն չկարողացավ դա անել, – բացատրում է ուսումնասիրության առաջատար հեղինակ, «Արնիկա»–յի «Թունավոր նյութեր և թափոններ» ծրագրի գործադիր տնօրեն,  IPEN-ի դիօքսինների, ՊՔԲ–ների և թափոնների հարցերով աշխատանքային խմբի համանախագահ Յինդրիխ Պետրլիկը:

Հետադարձ կապ`

Ժիտկա Ստրակովա, «Արնիկա» ասոցացիա, jitka.strakova@arnika.org, tel.: +420 777 266 386

Լաուրա Վայդե, IPEN, lauravyda@ipen.org, tel: +1 510 387 1739

Էլկե Զանդեր, «Հանուն առողջության և շրջակա միջավայրի» դաշինք (HEAL), elke@env-health.org, tel.: +32 (0)2 234 36 47

 

«Արնիկա» ասոցիացիան չեխական ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001թ.–ին: Ասոցացիայի առաքելությունն է պահպանել բնությունը և առողջ միջավայրն ապագա սերունդների համար` ինչպես հայրենի երկրում, այնպես էլ արտերկրում: Իր հիմնադրման օրից, «Արնիկա»–ն աշխատել է սպառողներին քիմիական վտանգավոր արտադրանքներից պաշտպանության ոլորտում: Վերջերս «Արնիկա»–ն անցկացրել է իր սեփական ուսումնասիրությունը` կենտրոնանալով սպառողական ապրանքներում, հիմնականում` խաղալիքներում և մանկական խնամքի միջոցներում պարունակվող քիմիական նյութերի վրա: «Արնիկա»–ն ծառայում է որպես IPEN- ի համար Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կենտրոն:

 «Հանուն առողջության և շրջակա միջավայրի» դաշինքը (HEAL) առաջատար շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը զբաղվում է մարդու առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության հարցերով` Եվրոպական միությունում և դրա սահմաններից դուրս: HEAL-ն աշխատում է ստեղծել այնպիսի օրենքներ և քաղաքականություն, որոնք նպաստում են մոլորակի և մարդկանց առողջությանը, պաշտպանում են աղտոտվածությունից առավել տուժածներին և բարձրացնում իրազեկությունն առողջության պահպանման նպատակով շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներից ստացվող օգուտների մասին: ԵՄ թափանցիկության ռեեստրում HEAL-ի գրանցման համարն է` 00723343929-96։

ԿՕԱ–ների ոչնչացման հարցերով միջազգային ցանցն (IPEN) աշխարհի 100-ից ավելի երկրներում ավելի քան 500 առողջապահական և բնապահպանական հասարակական կազմակերպությունների գլոբալ ցանց է, որն աշխատում է վերացնել աշխարհում ամենավնասակար քիմիական նյութերը` թույներից զերծ ապագա ստեղծելու համար: ԵՄ թափանցիկության ռեեստրում IPEN-ի գրանցման համարն է` 157269723532-97։