«Կապարով թունավորումների կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ» քարոզարշավի 10-ամյակը

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ն միացել է Կապարային ներկերի վերացման գլոբալ դաշինքին՝ ԱՀԿ-ի և ՄԱՇՄԾ-ի համատեղ ծրագրի՝ «Կապարով թունավորումների կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ» քարոզարշավի (ILPPW) շրջանակում, որն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 23-29-ը։

Քարոզարշավը նպատակ ուներ հանրության ուշադրությունը հրավիրել մարդու առողջության, հատկապես՝ երեխաների վրա կապարի ազդեցության վրա, ընդգծել այդ ազդեցության կանխման ուղղությամբ երկրների ջանքերի կարևորությունը և պահանջել կառավարություններից օրենսդրական ավելի խիստ կարգավորումների միջոցով հասնել կապար պարունակող ներկերից փուլ առ փուլ հրաժարվելու համընդհանուր նպատակի իրականացմանը։

Գործողությունների շաբաթվա շրջանակում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն սույն թվականի հոկտեմբերի 28-ին՝ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի նիստերի դահլիճում կազմակերպեց կլոր սեղան-քննարկում՝ ամփոփելու ՀԿ-ի տասնամյա ջանքերը կապարային ներկերն աստիճանաբար հեռացնելու ուղղությամբ և նախանշելու անհրաժեշտ քայլերը, որոնք կարող են նպաստել այս խնդրի լուծմանը։

Քննարկմանը մասնակցում էին կապար պարունակող ներկերի հիմնախնդրով հետաքրքրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ (Սպաոողների աջակցման կենտրոն, Դալմա Սոնա, «Էկոթիմ» ՀԿ, Երևանի Օրհուս կենտրոն, «Էկոլոգիական միություն» ՀԿ, ԷկոԼուր ՀԿ) և փորձագետներ։ Քննարկման ավարտին ներկայացվեցին հետյալ առաջարկությունները․

  • Հայաստանը, որպես ԵԱՏՄ-ի անդամ, պետք է անհապաղ առաջարկի փոփոխություն մտցնել Մաքսային միության 2013 թվականի «Ներկերի և լաքերի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի նախագծի 11-րդ կետում՝ նշելով, որ ներկերն ու լաքերը չպետք է պարունակեն քիմիական նյութեր, այդ թվում՝ վտանգավորության 1-ին դասին պատկանող մետաղներ, որոնց քանակությունը մնացորդային չոր նյութի հաշվով գերազանցում է 0,009%-ը (90 ppm):
  • Առաջարկ ներկայացնել ՀՀ Ազգային ժողով՝ «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայում կապարի քրոմատի ցուցակմանն աջակցելու առաջարկով
  • Նամակով դիմել ՀՀ շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների՝ ՔՆՄԿՌՄ (SAICM) գործընթացը համակարգողներին՝ կապարային ներկերի խնդիրը համապատասխան նախարարությունների գործողությունների ծրագրերի առաջնահերթություններում ներառելու խնդրանքով՝ ապահովելով ռիսկերի նվազեցում և պաշտպանելով բնակչության, հատկապես՝ երեխաների առողջությունը
  • Կապ հաստատել «Սպառողների աջակցության կենտրոն» ՀԿ – ի հետ՝ մշտադիտարկումը և կապարային ներկերի առկա կանոնակարգերի կիրարկումն ուժեղացնելու նպատակով։ Կապարային ներկերի վերաբերյալ ազգային արգելքները պետք է ներառեն կիրարկման և չկիրարկման հետևանքների մասին դրույթներ։
  • Դիմել Ասիական զարգացման բանկին (ԱԶԲ)՝ մանկական ուսումնական հաստատությունների կառուցման և վերակառուցման համար անվտանգ ներկերի և լաքերի օգտագործումն ապահովելու նպատակով (ԱԶԲ-ն Հայաստանում իրականացնում է մանկական ուսումնական հաստատությունների կառուցման և վերակառուցման լայն ծրագիր)
  • Դիմել ներկերի և լաքերի արդյունաբերության տեղական ներկրողներին՝ սահմանափակելու 90 ppm-ից ավելի կապարի պարունակությամբ ներկերի ներկրումը Հայաստան, տրամադրել 90 ppm-ից ոչ ավելի կապար պարունակող ներկերի արտադրողների ապրանքանիշների ցանկը։

Հարցազրույց Մարիամ ռադիոյի համար