Բնապահպանական հասարակական կազմակերպությունները հայտարարում են. «Երեխաները չեն կարող սպասել։ Վերջ տանք կապարային ներկերին հենց հիմա»

(Մամուլի հաղորդագրություն)

 «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ն «Կապարով թունավորումների կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ» քարոզարշավի ընթացքում շեշտադրում է երեխաների համար կապար պարունակող ներկերի սպառնալիքները։

ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն միանում է Կապարային ներկերի վերացման գլոբալ դաշինքին (այսուհետև՝ Դաշինք)՝ ԱՀԿ-ի և ՄԱՇՄԾ-ի համատեղ ծրագրի՝ «Կապարով թունավորումների կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ» քարոզարշավի (ILPPW) շրջանակում, որը կանցկացվի հոկտեմբերի 23-29-ը։ Դաշինքը կարևորում է երեխաների առողջությունը պաշտպանելու հրատապ անհրաժեշտությունը՝ միջոցներ ձեռնարկելով կապարային ներկերի օգտագործումը վերացնելու համար: Գործողությունների շաբաթվա ընթացքում ՀԿՀԱԱՇՄ-ն կկազմակերպի կլոր սեղան-քննարկում՝ ամփոփելու ՀԿ-ի տասնամյա ջանքերը՝ կապարային ներկերն աստիճանաբար հեռացնելու ուղղությամբ և նախանշելու անհրաժեշտ քայլերը, որոնք կարող են նպաստել այս խնդրի լուծմանը։

ՀԿՀԱԱՇՄ-ն անդամակցում է «Աղտոտիչների վերացման միջազգային ցանց» – ին (IPEN)՝ ավելի քան 125 երկրում հասարակական շահերը ներկայացնող 600-ից ավել կազմակերպությունների համաշխարհային կոալիցիային, որն աշխատում է թունավոր նյութերի և աղբյուրների վերացման ուղղությամբ: IPEN-ը Դաշինքի հիմնադիր անդամ է և դրա Խորհրդատվական խորհրդի անդամ: ILPPW –ի այս տարվա միջոցառումները կնշանավորեն կապարով, ներառյալ կապարային ներկերով (որոնք շարունակում են կիրառվել Հայաստանում և աշխարհի մեծ մասում) թունավորման սպառնալիքի համաշխարհային նշանակությունը բարձրացնելու ուղղությամբ ամենամյա ջանքերի տասնամյակը:

2009 թվականից ի վեր IPEN-ի անդամ խմբերն իրականացրել են ավելի քան 100 հետազոտություն՝ 59 երկրի արտադրության 4000 ներկի պարունակության նկատմամբ, այդ թվում՝ Հայաստանում։

2016թ.-ին ՀԿՀԱԱՇՄ-ն մասնակցել է IPEN-ի կազմակերպած կապարային ներկերի վերացման նախաձեռնությանը: Հետազոտվել են Հայաստանում 16 առևտրի կետեր, այդ թվում՝ մասնագիտացված խանութներ, ներկերի խանութներ և մասնավոր խանութներ։ Արդյունքում ստեղծվել է 49 ապրանքանիշի չորս գույնի ներկերի ցուցակը (կարմիր, կանաչ, դեղին, և սպիտակ): Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հայկական շուկայում կան մեծ քանակությամբ ներկրված կենցաղային ներկեր։ Կենցաղային ներկերի հետազոտված նմուշների 59 % -ում  (հետազոտված 49 նմուշից 29-ը ) կապարի պարունակությունը կապարի միջազգային սահմանային թույլատրելի խտության համեմատ (90 ppm) եղել է բարձր:

2016թ.-ի սեպտեմբերին արդյունքները ներկայացվեցին «Շրջակա միջավայրի դեգրադացիայի և կլիմայի փոփոխության պատճառով երեխաների առողջական խնդիրները» աշխատաժողովին։ Միջոցառումը կազմակերպվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից, որին ներկա էին տարբեր շահագրգիռ կողմեր կառավարությունից, միջազգային կազմակերպություններից և Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններից:

Տասնյակ տարիների հետազոտություններն ապացուցել են, որ կապարի ազդեցության անվտանգ մակարդակ չկա: Կապարը հզոր թույն է, որն ազդում է օրգանիզմի մի շարք համակարգերի վրա և հատկապես վնասակար է փոքր երեխաների համար: Նույնիսկ փոքր չափաբաժիններով կապարը կարող է ազդել երեխաների ուղեղի զարգացման վրա՝ հանգեցնելով մտավոր զարգացման գործակցի (IQ) նվազմանը, վարքային փոփոխությունների, ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման նվազումը և հակասոցիալական վարքագիծը, ինչպես նաև կրթության մակարդակի նվազումը: Կապարի ազդեցությունը կարող է վնասակար լինել նաև երիկամների, վերարտադրողական օրգանների, իմունային համակարգի համար և հանգեցնել սակավարյունության (անեմիա) և հիպերտոնիայի: Կապարի ազդեցության նյարդաբանական և վարքային ազդեցությունները, որպես կանոն, անդառնալի են:

Ներկայումս ըստ Մաքսային միության 2013թ.-ի «Ներկերի և լաքերի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի նախագծի՝ ներկի բաղադրակազմի մանրամասն նկարագրության ներառումը ներկերի և լաքերի մակնշման մեջ չի պահանջվում։ ՀԿՀԱԱՇՄ-ն կոչ է անում խստացնել դեկորատիվ ներկերում կապարի պարունակության չափորոշիչը, այն հասցնել 90 ppm-ի՝ համապատասխան պետական կառույցների հետ հաղորդակցման (նամակներ և հանդիպումներ) (ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և արտաքին առևտրի վարչություն, ՀՀ առողջապահության նախարարություն) շրջանակում: Ցավոք սրտի, տեղական մակարդակում փոփոխություններ դեռևս չի հաջողվում ձեռք բերել։ Հարկավոր է շարունակել աշխատանքը տարածաշրջանային մակարդակում՝ Եվրասիական միության անդամ երկրների շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։

Բացի այդ, IPEN-ի հետ միասին, ՀԿՀԱԱՇՄ – ն կոչ է անում կապարի քրոմատները ներառել Ռոտերդամի կոնվենցիայի ցուցակում: Նույնիսկ իրավաբանորեն պարտադիր ազգային արգելքներ ունեցող երկրները դժվարանում են կիրառել դրանք, երբ ներկերում օգտագործվող կապարի քրոմատները՝ կապար պարունակող գունանյութերը, շարունակում են վաճառվել ամբողջ աշխարհում՝ առանց նախնական ծանուցման կամ համաձայնության: Կապարի քրոմատների ցուցակագրումը կգործարկի կոնվենցիայի նախնական տեղեկացված համաձայնության (PIC) ընթացակարգը և երկրներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն կապարի քրոմատների և կապարի ներկերի ներմուծումից հրաժարվելու համար:

«Մենք վաղուց գիտեինք մեր երեխաների և ընտանիքների համար կապարային ներկերի թունավոր սպառնալիքի մասին, և շատ երկրներ տասնամյակներ առաջ դադարեցրել են կապարային ներկերի վաճառքը: Այնուամենայնիվ, աշխարհի մեծ մասում կապարային ներկերը դեռ օգտագործվում են և վտանգ են ներկայացնում միլիոնավոր երեխաների առողջության համար», – ասել է 2018թ․-ի Goldman մրցանակի դափնեկիր, IPEN-ի նախկին համանախագահ և «IPEN Lead Safe Paint®» սերտիֆիկացման ծրագրի հիմնադիր Մենի Կալոնցոն: «Մեր երեխաները չեն կարող սպասել ևս տասը տարի՝ կապարային ներկերից ազատվելու համար. մեզ անհրաժեշտ են հրատապ գործողություններ՝ դադարեցնելու կապարով մեր երեխաների թունավորումը»,- նշել է նա:

 Նույնիսկ այն երկրներում, որտեղ կապարային ներկն արգելված է, կապարային ներկով ներկված հին տները շարունակում են միլիոնավոր երեխաների մոտ կապարի հետ կապված առողջական խնդիրներ առաջացնել: Ահա թե ինչու է անհրաժեշտ ձեռնարկել հրատապ գործողություններ՝ կապարային ներկն ամբողջ աշխարհում վերացնելու համար. այսօր վաճառվող կապարային ներկը կշարունակի վտանգ ներկայացնել երեխաների առողջությանը գալիք տասնամյակների ընթացքում: